Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Արևշատ Ավագյանի աշխարհ-մոլորակը

Արևշատ Ավագյանի աշխարհ-մոլորակը
14.03.2014 | 12:40

Վահագն Դավթյանը, մի առիթով բնութագրելով իսկական բանաստեղծի էությունը, նրան համեմատել է երկնային մոլորակի հետ: «Հարկավոր է լինել մոլորակ,- գրել է նա,- սեփական օրենքներով ապրող, սեփական մթնոլորտ, սեփական գույներ, լեռներ ու անդունդներ, հովիտներ ու դաշտեր, նաև գաղտնի քարանձավներ ունեցող մոլորակ: Եվ այնքան էլ կարևոր չէ՝ մե՞ծ է այդ մոլորակը, թե՞ փոքր»: Այս իմաստով Արևշատ Ավագյանը վաղուց արդեն ստեղծել է իր աշխարհ-մոլորակը, որն իր ուրույն պտույտներն է կատարում ժամանակի և տարածության մեջ: Վերջերս լույս տեսած «Ինքնության գույնն ու իմաստը» նոր ժողովածուն, կազմված լինելով գրողի ստեղծագործական անհատականության տարբեր ու հավասարազոր դրսևորումներից (պոեզիա, նկարչություն), նախանշում է հարատև այդ պտույտի այսօրվա հանգրվաններից մեկը՝ փորձելով նաև առավել ամբողջականորեն ներկայացնել հեղինակի ստեղծագործական ներաշխարհը:

Այդ ներաշխարհ լիարժեքորեն մուտք գործելու համար նախ և առաջ պետք է պատասխանել այն հարցին, թե ո՞րն է պոեզիայի էությունը Արևշատ Ավագյանի ըմբռնմամբ: «Բանաստեղծությունը պոեզիայի ինքնադրսևորման ձևերից մեկն է, որովհետև տիեզերական երևույթ է»,- գրում է նա ժողովածուի ներածական իր խոսքում: Իսկ պոեզիայում ապրող «աստղակորիզ» բառերը «տիեզերական մեծ հոգու մարտկոցներից ուժ առնող էություններ են»: Միանգամից ասենք, որ սրանք ամենևին էլ վերամբարձ ձևակերպումներ չեն, ինչպես կարող է թվալ Արևշատ Ավագյանի պոեզիային անծանոթ ընթերցողին, այլ դեպի գրողի ներաշխարհը տանող բանալիներ, որոնցով միայն հնարավոր է բացել այդ յուրօրինակ աշխարհի բազմաթիվ դռներն ու գաղտնարանները: Եվ այդ դեպքում ձեր հոգու և մտքի առջև կկենսավորվեն «ներբջջային ներաշխարհներում» խավարից հառնող աստղալույսի պես շողարձակող բառիմաստները, «աներևույթը» կուրվագծվի լռության ձայնի միջից («Եղիցի խոսք»), արարչական հայացքի տակ կանցնեք «հավիտենության բոլոր հանգրվաններով» ու «Նրա տված հոգեհոսանքով» կվառվի մտքի ու գիտակցության լույսը մեր ներաշխարհում («Հավիտենական հանգրվաններ»)։ Քանզի Նա է բնության մեջ ամեն ինչի «Անմահության մարմնավորողը»: Արևշատ Ավագյանը գոյաբանական հարցերի շուրջ իր ընկալումներում ոչինչ չի պարտադրում, ոչ էլ պատրաստվում է բանավիճելու որևէ մեկի հետ: Պարզապես նա զգում է ու գիտի, որ «Նա կա և հավերժորեն կլինի, եթե անգամ մարդն է արարել նրան իր մտքում՝ զգալով նրա կարիքը» («Հավերժության տերը»): Բանաստեղծի համար ամեն բան տիեզերքում ներառված է հավերժական շարժման, շրջապտույտի մեջ, ամեն շնչավոր ու անշունչ բան գոյատևում է երկնքի ու երկրի, անսահմանի ու վերջավորի առեղծվածային, բայց փոխպայմանավոր հոլովույթի մեջ: Այդ են վկայում նաև ժողովածուում ներկայացված նկարչական աշխատանքները («Ժայռապատկերներ աստղացոլքերի տակ», «Հավերժական էացումներ», «Երկնքի ու երկրի զավակները»): Չափազանց բնորոշ է «Ներշնչված երկինքն ու երկիրը» կտավը, ուր մարդու երկրային կյանքի խորհրդանիշ տնակը պատկերված է հողի մեջ խորացող ծառանման արմատներով ու դեպի երկինք վերացող եթերային կապերով: Կարևոր է, սակայն, որ հավերժական այդ շրջապտույտը ինքնանպատակ չէ, այլ ձգտում է դեպի «գերնպատակը»՝ հարատևող Սիրո լուսավոր ու տաք հանգրվանը («Անանձնական սեր», «Սիրաշխարհ» շարքերը և այլն): Ահա թե ինչու բանաստեղծին չեն ընկճում, հուսահատության չեն մատնում նույնիսկ անհատական, հասարակական, ազգային կյանքի ամենաողբերգական իրողությունները, քանզի հավատում է հայոց երկնքի «լուսախոս հավատին ու սիրուն».

Մենք պիտի ապրենք այնտեղ,
Մեծ եղեռնից, արտագաղթից,
հալածանքներից հետո,
Մենք հավերժորեն պիտի ապրենք
մեր արարչաստեղծ երկնքի տակ
վախի, սարսափի ու չարակամության
բացակայության պայմաններում,
տիեզերքի Տիրոջ
օրհնության միջավայրում:
(«Դրախտ»)

Ազգայինի արտացոլումներում հատկանշական է ծովի մոտիվը Արևշատ Ավագյանի պոեզիայում և նկարչության մեջ: «Հայոց ծովերի երազանքը» նկարաշարի գործերը (համանուն կտավը, «Լեռան նավորդները», «Նավը թռչող ալիքների վրա», «Ծովի շունչը»), «Ծովաքարի փոթորկոտ ընդերքը», «Ձկնաքար» և այլ քերթվածները վկայում են ինչպես Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի, այնպես էլ հայոց հնագույն բանաստեղծության (գողթան երգեր), հայկական էպոսի հետ ներքին առնչությունների մասին:
Արևշատ Ավագյանի բանաստեղծական ներաշխարհը հիմնվում է ինքնության երեք ակունքների՝ անհատական, ազգային և «տիեզերական մեծ ինքնության» բնական համադրության վրա: «Ծիր կաթին» շարքի եզրափակող տողերը ասվածի լավագույն արտահայտությունն են. «Ես ունեի տիեզերքի Տիրոջ բարեհաճ առաքելությունը՝ պահպանելու ազգիս ինքնության համահունչ լուսածին հատկանիշները, որոնք ներդաշնակվում էին Ծիր կաթնի Տիրոջ ինքնության խորհրդին»: Ահա թե ինչու զարմանալի չէ, որ եկող սերնդին՝ իր թոռնիկին ուղղված բանաստեղծի պատգամը ևս ներծծված է վերն ասվածի ներքին իմաստով ու խորհրդով.
ՈՒշադիր նայիր երկնքին,
զգա աներևույթ հոգեհոսքը,
որ տիեզերքից գալիս,
լցվում է երակներիդ մեջ:
(«Տեսանկյուն Նարեկ թոռանս համար»)

Չենք կարող չնշել նաև Արևշատ Ավագյանի պատկերաստեղծման յուրատիպ համակարգը, որը, անշուշտ, բխում է նրա գեղարվեստական մտածողության հիմքից: Ա. Ավագյանի բանաստեղծություններում կհանդիպեք «ծաղկող բնազդների», տողերի, ուր «գիշերն ականջները սրած լսում է ծղրիդների երգը», «գեղեցկուհի գիշերը ոտքը հանում է երազի սահմաններից», «բլուր-բլուր անտառվելով հայտածվում է առավոտը» կամ «քամին ոտը խփում է պղնձակոփ ժայռին»… Այսինքն, մարդը և բնությունը ապրում ու շնչում են միասնական հոլովույթի մեջ, որպես Տիեզերք ու Կյանք կոչված հրաշալիքի տարբեր և հարազատ դրսևորումներ:
Վերջապես, Արևշատ Ավագյանը ոչ միայն բանաստեղծ է ու նկարիչ, այլև ազնիվ ու ակտիվ քաղաքացի («Մաշկափոխվող քաղաք» շարքը), իր ժողովրդի ու հայրենիքի նվիրյալը, ինչի բանաստեղծական վկայությունները սփռված են նաև ներկա ժողովածուում: Չես կարող չհավատալ նրա անկեղծությանը, երբ խոստովանում է.
Որտեղ էլ լինեմ աշխարհում,
ուր էլ գնամ,
մնում եմ քո զավակը,
ծովում լինեմ, թե ցամաքում,
քո հայաշունչ
արյունն է հոսում երակներովս:
…………………………………
առանց քեզ դպիր եմ անգրիչ,
երգիչ եմ փակ բերանով…

(«Սեր առ հայրենիք»)

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ